Реферат: ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ



Ս.Վ. ՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ

ԱՐՎԵՍՏԻ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

 


ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ 1969

 

 


ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Ռազմագիտության արվեստը Արևելքում պատմագիտության չուսումնասիրված ու չգրված բնագավառներից մեկն է։ Որքան մեզ հայտնի է, գոյություն չունի ոչ մի ուսումնասիրություն, որ հատկապես նվիրված լինի Բաբելոնի, Եգիպտոսի, Ասորեստանի, Աքեմենյան Պարսկաստանի, Մարաստանի, Հնդկաստանի և Հին Արևելքի այլ երկրների ռազմական արվեստի պատմությանը։

Նման ուսումնասիրությունների բացակայությունը, դժբախտաբար, ռազմական արվեստի բուրժուական պատմաբաններ Կարլ Կլաուզևիցին, Հանս Դելբրյուկին և ուրիշների հիմք է տվել զարգացնելու անհեթեթ այն տեսակետը, որ իբր ռազմական արվեստի հիմնադիրները և զարգացնողները հանդիսացել են արևմտաեվրոպական պետությունները: Այդ« տեսությունը» վերջերս արդարացի քննադատության է ենթարկվել սովետական հայտնի գիտնական Ե. Ա. Ռազինի կողմից, որը կոնկրետ փաստերով ցույց տվեց, որ ռազմական արվեստի առաջին հիմնաքարերը դրվել են ոչ թե Արևմուտքում, այլ Արևելքում1։

Հայ ժողովուրդը Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկն է, նրա նախնիները հանդես են եկել այն ժամանակ, երբ նոր էր բացվում մարդկային քաղաքակրթության արշալույսը։ Ստեղծելով իր պետականությունը, հայ ժողովուրդը տասնյակ դարերի ընթացքում պատերազմներ է մղել իր քաղաքական անկախության համար։ Այդ պատերազմները Հայաստանում ունեցել են շատ սուր և երկարատև բնույթ։ Բազմաթիվ նվաճողներ աշխատել են իրենց տիրապետությունը հաստատել Հայաստանում իրենց նվաճողական պատերազմները հարևան երկրներում դյուրին կատարելու համար։ Այդ պատերազմները այս կամ այն չափով ազդել են ռազմագիտության և ռազմական արվեստի զարգացման վրա։

Ցավալի է, որ այդ պատերազմների մարտավարական և ռազմավարական եղանակները, զորքերի կազմակերպվածությունը և սպառազինումը, ինչպես և բանակի ռազմիկների մարտական ուսուցումն ու դաստիարակությունը առանձնահատուկ ուսումնասիրության առարկա չի եղել հայագիտության մեջ։

Նման ուսումնասիրությունը անհրաժեշտ է ոչ միայն ցույց տալու այն համեստ վաստակը, որը մատուցել է հայ ժողովուրդը ռազմական արվեստի բնագավառում, այլև բացատրելու պատմագիտության համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, այս կամ այն ճակատամարտում հայկական բանակի տարած հաղթանակի կամ պարտության պատճառների վերլուծությունը։ Ինչպե՞ս է, օրինակ, պատահել, որ հայկական փոքրաթիվ մի զորաբանակ կարողացել է հաղթանակ տանել թշնամու գերազանց ուժերի դեմ և, ընդհակառակն, ավելի խոշոր բանակի առկայության պայմաններում պարտություն է կրել։ Այդ հարցերի ճիշտ լուսաբանությունը կարող է տալ ռազմական արվեստի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Ռազմական արվեստի զարգացումը բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, սերտորեն կապված է արտադրության, ինչպես և հաղորդակցության միջոցների զարգացման հետ։ Անհրաժեշտ է այդ մասին հիշել Ֆ. Էնգելսի հայտնի ցուցումը. ...Ոչ մի բան այնքան կախված չէ տնտեսական նախապայմաններից, որքան զորքը և նավատորմիղը։ Սպառազինումը, բանակի կազմը, կազմակերպությունը, տակտիկան և ստրատեգիան նախ և առաջ կախված են արտադրության տվյալ աստիճանից և հաղորդակցության միջոցներից»1։ Անկարելի է, որ Տիգրան II-ր կարողանար դիմադրել, իսկ երբեմն նույնիսկ պարտության մատնել աշխարհասասան Հռոմին, եթե Հայաստանում ստեղծված չլինեին տնտեսական բարենպաստ պայմաններ հզոր բանակի ստեղծման, սպառազինման, հանդերձավորման և մատակարարման համար։

Խոսելով ռազմական արվեստի մասին Հայաստանում, չպետք է, իհարկե, այն կտրել իր շրջապատից։ Ռազմական արվեստի որոշ տարրեր հայերն ընդօրինակել են իրենց հարևաններից։ Հայտնի է, օրինակ, որ որոշ նմանություն կա հայկական և պարսկական զորքերի մարտակարգերի միջև ըստ լոխերի, տաքսիաների, խիլիարխների միիարխիամների, իսկ ներսում ըստ մարտական զենքերի` աղեղավորների, թեթև վահանակիրների և այլն։ Նման է եղել նաև մարտական կարգերի դասավորման գագաթնահար նետաձգությունը, երբ աղեղնավորների և պարսատիկավորների համար ստեղծվում է առաջին մարտական գծում գտնվող հետևակի գլխի վրայով նետաձգություն կատարելու և քար նետելու հնարավորություն։ Մարտական կարգի այդ ձևը հնարավորություն է ստեղծել միաժամանակ կռվի մեջ ներգրավել զորքերի բոլոր ուժերը։

Նմանություններ են նկատվում նաև հայերի ու հռոմեացիների ռազմական արվեստների միջև։ Հայկական զորքերը, հռոմեացիների նման, կիրառել են ռազմական շարքերը և մարտական կարգերը կազմակերպելու կատարելագործված եղանակ, որն առավելություն է տվել մարտի ընթացքում զորքերի բոլոր տեսակները ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Զորքերը հռոմեացիների օրինակով շարելով լեգեոններով, կոհորտներով, մանիպուլաներով և ցենտուրիաներով, հայերը դրանց տվել են իրենց անունները` բյուր», հազարյակ», հարյուրյակ», հիսունյակ»։

Անժխտելի փաստ է, որ հայերն իրենց համեստ ներդրումն ունեն ռազմական արվեստի բնագավառում։ Այսպես, բերդերի տարածված հասարակ ձևը նրանք փոխել են և կառուցել ավելի կատարելագործված եղանակով. նրանք բերդի աշտարակներին և պատերին ավելացրել են ծածուկ ուղիներ դեպի ջրի աղբյուրները կամ գետերը, Հայաստանում են սկսել բերդի պարիսպները կառուցել սովորականից ավելի լայն, որպեսզի նրանց մեջ ներսից տեղավորվեն ձիերի գոմերը, սննդամթերքների, մարտական զենքերի և մյուս պաշարների պահեստները, իսկ տանիքի վրայով եղել է ուղի, որտեղով կռվող ռազմիկները փոխադրվել են մեկ աշտարակից մյուսը։ Այդ ուղին ծառայել է նաև զորքերի ապաստարան։ Այդպիսի բերդաքաղաքներից են եղել Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը և այլն։

Հին Հայաստանի մեր նկարագրած շրջանի համար բնորոշ էր այն, որ այդ ժամանակ հայոց բանակը զինված չէր պաշարողական տեխնիկական միջոցներով՝ բերդեր և ամրոցներ քանդելու համար։ Ֆեոդալական և նրանց հետևությամբ բուրժուական պատմաբաններր ոչ միայն անիրավացի, այլև միանգամայն սխալ կերպով պնդում են, թե Հայաստանում ռազմական արվեստը հենվել է զարգացման ցածր աստիճանի վրա, որովհետև հայերը չեն կարողացել ստեղծել բերդեր և ամրոցներ պաշարող, քանդող և գրոհող տեխնիկական միջոցներ։ Այդ պատմաբանները չեն կարողացել և այժմ էլ չեն կարողանում հասկանալ, որ հին Հայաստանի պատերազմների բնույթն այլ է եղել, որ Հայաստանը սկզբնական շրջանում պատերազմներ է վարել միայն իր ժողովրդի ազատությունը և երկրի անկախությունը պաշտպանելու համար, նա չի վարել հարձակողական ու նվաճողական պատերազմների քաղաքականություն, ուստի անհրաժեշտ չի եղել բանակը զինել պաշարող և բերդեր քանդող տեխնիկական միջոցներով։ Հայ ժողովրդի պաշտպանողական պատերազմների օգտին է խոսում Հայաստանում գոյություն ունեցած հնադարյան բազմաթիվ բերդերի ու ամրոցների առկայությունը։

Հայերի ռազմական արվեստի պատմությունից» խորագրով ներկա աշխատությունը, իհարկե, հայերի ռազմական արվեստի ամբողջական և սիստեմատիկ պատմությունը չէ։ Այն ընդգրկում է նրա միայն փոքրիկ մի հատվածը, գլխավորապես՝ Արտաշեսյան և Արշակունյաց հարստությունների ժամանակաշրջանը, ինչպես և V դարի ժողովրդա-ազատագրական պատերազմները։

Աշխատությունը գրելիս մենք օգտվել ենք հայ ժողովրդի պատմության աղբյուրներից և գրականությունից։ Ռազմական արվեստի ընդհանուր պատմության հարցերում օգտվել ենք գլխավորապես այն աշխատություններից, որոնք մատնացույց են արված Ե. Ա. Ռազինի Ռազմական արվեստի պատմության բազմահատոր աշխատության գրականության ցանկում։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, ապա մենք, հիմնականում, օգտվել ենք ակադ. Հ. Մանանդյանի, պրոֆեսորներ Գ. Խալաթյանցի, Ս. Տ. Երեմյանի, Ա. Գ. Աբրահամյանի, Բ. Ն. Առաքելյանի աշխատություններից։

Մեր ներկա աշխատությունը, որպես հայ ռազմական արվեստի պատմությանը նվիրված առաջին փորձ, անշուշտ, կունենա թերություններ։ Սիրով կընդունենք մեր րնթերցողների բարեմիտ և օգնող քննադատական դիտողությունները:

 

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ


ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՌԱԶՄԱ-ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բոլոր ժամանակներում և բոլոր պատերազմներում տեղանքը ո՛չ միայն խիստ կարևոր նշանակություն է ունեցել զորքերի գործողությունների բնույթի, այլև շատ հաճախ այդ գործողությունների հետևանքների համար։ Այս առումով Հայկական լեռնաշխարհը ստրատեգիական հատուկ նշանակություն է ունեցել։ Շնորհիվ իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների, Հայաստանը միշտ եղել է մի բնական հսկա միջնաբերդ, որն իշխել է շրջապատի մրա։

«Այնքան, ինչքան նրան տիրողն իշխել է Քուռի հովտի, Ադրբեջանի տափաստանի, Միջագետքի հարթավայրի և, վերջապես, Անատոլիայի դաշտավայրի վրա,— գրում է Գուրկո Կնյաժինը,— հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ հազարամյակների ընթացքում Արևմուտքի և Արևելքի մեծ պետությունները կատաղի կռիվներ են մղել իրար հետ Հայաստանին տիրելու համար»1։

Այդ պայքարի հետևանքով Հայաստանի քաղաքական կյանքը հաճախակի փոխվել է, փոփոխվել են նաև Հայկական լեռնաշխարհի սահմանները։ Հայկական լեռնաշխարհի, շատ թե քիչ ամուր կազմավորված սահմանները պատմական Հայաստանում եղել են՝ արևելքից՝ Ատրպատականը և Մարաստանը, Արևմուտքից՝ Պոնտական Տավրոսը և Կապադովկիան, հյուսիսից՝ Փոքր Կովկասյան լեռնաշղթան, Քուռ գետի աջ ափը, հարավից՝ Միջագետքի վրա բարձրացող գլխավոր Տավրոսը, Արզանան, Կորդուքն ու Ադիաբենը, Կապուտան (Ուրմիա) լճի հարավ-արևմտյան ափը։

ԶՈՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒՄԸ

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում բազմիցս մարտնչել է ինչպես օտարերկրյա նվաճողների ու ստրկացնողների, այնպես և իր սեփական երկրի հարստահարող դասակարգի դեմ։ Այդ կռիվներում նա օգտագործել է բազմապիսի զենքեր։ Սկսած այն ժամանակներից, երբ հայ բնակչությունը տրոհվեց հակոտնյա դասակարգերի, այդ ժամանակից էլ սկսվեց և նրանց զինվածության տարբերությունը։ Տոհմիկ ազնվականները կրել են լավագույն աղեղներ, նիզակներ` մետաղյա ծայրապանակներով, թրեր և դաշույններ, նրանք ունեցել են բարձր տեսակի պաշտպանողական հանդերձանք՝ վահան, զրահ, ծնկածածկոցներ, սռնապաններ, և վարժեցրած նժույգներ։ Զինվորների հիմնական զանգվածները կրել են նույն տեսակի զենքեր՝ ավելի հասարակ պատրաստված։ Պատմահայր Մովսես Խորենացին, նկարագրելով Տիգրան Երվանդյանի թագավորության ժամանակաշրջանի պատմությունը, հիշատակում է. «Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը1 պատվեցին վահաններով և երկաթե զգեստներով։ Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքը ու նրանց պահպանակների և զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու,..2։

Ըստ Հերոդոտի, հայոց զորքերը զինված են եղել փռյուգացիների և պափլագոնիացիների (սակավ տարբերությամբ) փոքրիկ վահաններով, կարճ նիզակներով, տեգերով և սրերով3։ Քսենոֆոնի Անաբազիսից երևում է, որ հայկական զորքերը, որոնց հրամանատարն էր Օրոնտեսը (Երվանդը, Երվանղյանների հարստությունից), զինված են եղել խոշոր վահաններով և երկար նիզակներով4։


Զենքերի տեսակները։


Նետ և աղեղ։ Արանք զենքերի հնագույն տեսակներից են, օգտագործվել են թշնամուն հեռու տարածության վրա հարվածելու համար և մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում տեղի ունեցած բոլոր ճակատամարտերում։ Նետը երբեմն կոչվել է սլաք, ձիգ կամ փքին։ Խոր հնադարում դրանց ծայրերը պատրաստվել են օբսիդիան քարից, երբեմն՝ ոսկրից, իսկ հետագայում՝ բրոնզից և երկաթից։ Նետերը եղել են տարբեր ձևերի` տերևաձև, կողավոր, գլանաձև և եռաթև։ Նետերը մեծ քանակությամբ պահվում էին ռազմիկի կողքին կախված հատուկ պատյանում, որը կոչվում էր կապարճ կամ պատկանդարան։ Աղեղը կազմված է երկու մասից՝ կամարից և լարից։ Կամարը պատրաստել են ճկուն փայտից և եղեգնից, իսկ լարը՝ աղիքից կամ կաշվից։ Հին ժամանակների հայկական առասպելը հիշատակում է, որ Հայկ նահապետը նետաղեղով հարվածեց Բելին։

Պարսատիկ։ Ունի շատ հասարակ կառուցվածք. դա կաշվից կամ թելից գործված երկար երիզ է, կենտրոնը լայն է և կրկնածալ գոգավոր մաս ունի, որտեղ դրվում է պարսաքարը հեռու տարածության վրա գտնվող թշնամուն քարերով հարվածելու համար։ Հայոց բանակի կազմակերպման ժամանակներից՝ մեր թվականությունից դեռ շատ առաջ հայկական նետաղեղնավոր գնդերի կողքին մարտնչել են պարսատիկավորների հատուկ կազմակերպված գնդերը։

Նիզակ, տեգ և գեղարդ։ Արանք էլ հնադարյան զենքեր են, որոնք օգտագործվել են մինչև նույնիսկ մեր օրերը։ Այդ զենքերը լայն գործադրում են գտել հայոց բոլոր տեսակի զորքերում՝ թշնամուն ձեռնամարտում, մոտիկ տարածության վրա հարվածելու համար։

Դաշույն։ Պատրաստվում էր բրոնզից կամ երկաթից, տարբեր ձևի ու չափի։ Դաշույններն ունենում էին պատյաններ, որոնք պատրաստվում էին բրոնզից կամ փայտից և ծածկված էին կաշվով։ Հնադարյան դաշույնները պատյան չունեին և չկար կողքից կախելու հարմարություններ, ուստի դաշույնն ուղղակի խրել են գոտու մեջ։ Դաշույնը հայկական զորքի շատ կարևորագույն զենքն էր, որն օգտագործել է հետևակը ձեռնամարտի ժամանակ։

Թուր, սուր, սուսեր, սվին։ Արանք միևնույն մարտական հատկություններ ունեն և օգտագործվել են թշնամուն մոտիկ տարածության վրա խոցելու կամ հատելու նպատակով։ Տարբեր են եղել դրանց չափերը և ձևերը։ Թուրը մի կողմով բութ է, ծայրը սուր, մյուս կողմով սայր։ Զեռնամարտում սուր ծայրով խոցել են թշնամուն, իսկ սայր կողմով՝ հատել։ Բութ կողմը ստեղծել են հարվածը շեշտակի դարձնելու համար։ Հատելու թափը ուժեղացնելու համար թուրը պատրաստել են մի քիչ կեռ։ Թուրը միջնադարյան զենք է և օգտագործվել է գլխավորապես հեծելազորում։ Սուրն ամենատարածված, դաշույնի ձևի երկսայր զենք է, մեծ մասամբ լայն շեղբով, ուղղաձիգ և ավելի երկար, քան դաշույնը։ Շեղբի կենտրոնում կան ակոսներ։ Ծայրը սուր է ծակելու համար։ Երկու կողմի սայրերն էլ օգտագործվել են հարվածելու և հատելու նպատակով: Սուսերը թրի նման ունի բռնատեղ և պատյան։ Ունի սուր ծայր և ծառայել է խոցելու համար։ Սուսերի երկու կողմերն էլ սայր են։ Սվինը նման է սուսերին։ Նրա ծայրը համարյա չի տարբերվում նիզակից, բայց սուսերի և դաշույնի նման երկսայր զենք է, զգալի չափով նրանցից կարճ, նիզակի նման ագուցված է լինում փայտե կոթի վրա։ Հայոց հետևակը սվինը օգտագործել է թշնամուն մոտիկից խոցելու համար։

Սակր, վաղր, մուրճ և ճիկռ։ Սրանք էլ պատկանել են մարտական զենքերին, որոնք պատերազմի ժամանակ գործադրվել են իրենց սուր բերանով ծանր հարված տալու համար։ Սակրն օգտագործվել է նաև տնտեսական աշխատանքում։ Սակրը նման է տապարին և օգտագործվել է կտրելու, հարվածելու համար։ Սակրերը եղել են միաբերան կամ երկբերան՝ կորացած կեռի նման, ուստի վերջիններս կոչվել են նաև կտցավոր սակր։ Սակրն ունեցել է փայտյա կոթ՝ հարվածը շեշտակի դարձնելու համար։ Որպես զենք օգտագործվել է գլխավորապես հետևակում և սակրավոր զորամասերում։ Միաբերան սակրի բութ կողմը օգտագործվել է որպես մուրճ՝ հարվածելու համար։ Ճիկռը և վաղրը պատերազմական գործողություններում կատարել են միևնույն դերը, ինչ սակրը, ուստի նրանց կառուցվածքն էլ նմանվել է սակրին կամ կացնին և օգտագործվել է նույն եղանակով։

Վահան և զրահ: Սրանք եղել են պաշտպանության միջոցներ։ Վահանը հնում պատրաստել են փայտից՝ ծառի հաստ ճյուղերից, իսկ հետագայում՝ մետաղից։ Հայոց բանակը ունեցել է ծանր վահանակիրների զորամասեր, որոնք իրենց մեծ վահաններով փակել են հակառակորդի հարձակման ուղին և հնարավորություն են տվել սեփական նետաղեղավոր գնդերին չհոգալ իրենց պաշտպանության համար և ազատ ձեռքերով դիպուկ դարձնել նետերը։ Փոքր վահանակիրները կրել են վահանը իրենց ձախ ձեռքում և դրանով վանել են հակառակորդի քարերի, նետերի, թրերի, սրերի, նիզակների, դաշույնների, սակրերի, վաղրերի հարվածները, իսկ աջ ձեռքով հարվածել են հակառակորդին ձեռնամարտի զենքերով` թրերով, դաշույններով, կացիններով նիզակներով։ Զրահներ հայ զորքերն ունեցել են դեռ հնադարում, այն կրել են ծանր հետևակը և հեծելազորը։ Պաշտպանողական այդ հագուստը պատրաստված էր կաշվից, մետաղից կամ երկուսը միասին հյուսված։ Զինվորները գլուխները պաշտպանել են սաղավարտներով։ Զրահապատված են եղել նաև ձիերը։

Էշ, փիլիկվան և բաբան։ Այս մեքենաները գործադրվել են զավթողական պատերազմներում։ Հայերը, ինչպես հայտնի է, նվաճողական պատերազմներ չեն վարել, պաշտպանության համար նրանք ամրացրել են իրենց քաղաքները, ուստի այդ մեքենաների կարիքը չեն զգացել։ Նվաճողական պետությունները Հայաստանի պարսպապատ քաղաքների պատերը քանդելու համար գործադրել են այդ մեքենաները և զանազան տեսակի հրձիգ նյութեր։ Էշը, որ երբեմն էլ կոչվել է խոյ, եղել է անիվների վրա։ Նրա տակ թաքնվելով, մարդիկ փորել են բերդապարիսպների հիմքերը և կործանել դրանք։ Փիլիկվանը կամ փիլիկոնը ըստ երևույթին կատարել է այն գործողությունները, ինչ կատարել է էշը, միայն այն տարբերությամբ, որ փիլիկոնի քանդելու գործիքները հարմարեցված էին հենց իր վրա։ Բաբանը քար նետող մեքենա է։ Բերդի պատերը քանդելու համար բաբանով հարվածել են ծանր քարերով մինչև պատի մեջ բացվածքներ առաջանան՝ ներս խուժելու համար, կամ մինչև պատը փուլ գա, որպեսզի գրոհեն բերդի մեջ գտնվող հակառակորդի ուժերի վրա։

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հայկական զորքերի մարտավարական եղանակ եղել է ճակատային ընդհարումը, ինչպես նաև թևերի պաշտպանությունը, կազմակերպված հետախուզությունը և պահպանությունը։ Հայկական զորքերը համեմատաբար լավ են պատրաստվել պաշտպանողական տեսակի մարտին, դրա համար կառուցվել են բերդեր, ստեղծվել ամրություններ, հարմարեցվել է լեռնային տեղանքը։ Թշնամու հարձակման ժամանակ կամ իրենց զորքերի պարտության դեպքում վահանակիրները շարվել են, շրջանակով և, իրենց առաջ դնելով սեփական վահանները, ստեղծել են պաշպանական պարիսպ, որի հետևից պաշտպանվել ու ետ են մղել թշնամու գրոհները։ Համառ ու երկարատև պաշտպանողական մարտ վարելու նպատակով հայերը բերդերն ու ամրոցները նախօրոք ապահովել են սննդամթերքներով, խմելու ջրով ու զենքով։ Փոքրաթիվ լինելու դեպքում հայկական զորքերը վարպետորեն հարմարվել են տեղանքին և, հմտորեն օգտագործելով մարտական զենքը, ոչ միայն պաշտպանողական մարտ են վարել, այլև անցել են հակահարձակման։

Հենց այն հանգամանքը, որ եղել են զորքի տարբեր տեսակներ` հետևակ և հեծելազոր, որոնք ըստ զինվածության ստորաբաժանվել են ավելի փոքր զորամիավորումների, ապացուցում է, որ զորքի վարժեցումը և պատերազմի պատրաստելը միատեսակ չի եղել բոլոր տեսակի զորքերի համար։ Նետաձիգները պետք է վարժվեին դիպուկ նետաձգության, սուսերավորները՝ սուրը լավ գործադրելուն, հեծելազորը, բացի զենք գործածելուց, սովորել է հեծյալ մարտ վարելու եղանակները։ Հեծելազորը ընդունակ է եղել գործել հիմնականում հարթավայրում, հետևապես, վարժվել է հեծյալ մարտավարության։ Հեծելազորը մարտի մեջ մտել է հետևակի հետ, կամ հետևակի թևերում, կամ կենտրոնում, կամ հետևել է հետևակին և առաջ է մղել նրան և կամ փակել է հետևակի թիկունքը։ Այսպիսով, զորքերի տեսակների մեջ փոխգործողության սաղմերը հայկական զորքերում եղել են շատ վաղ ժամանակից։ II և I դարերում (մ. թ. ա.) հայկական պետության առջև ծառացավ չափազանց կարևոր մի խնդիր՝ հայկական վաղեմի հողերը և մասնատված մանր իշխանությունները միավորել հայկական իշխանության միասնական դրոշի ներքո։ Այդ խնդրի հետ միաժամանակ անհրաժեշտ եղավ ավելացնել զորքերի քանակը, կազմակերպել նոր զորքեր՝ ավելի նպատակահարմար համակարգով, քան եղել էր մինչ այղ։

Նոր զորքերում ստեղծվեցին պահպանական հեծյալ և զրահավոր պահպանական հեծյալ գնդեր։ Հետևակը տրոհվեց թեթև և ծանր գնդերի։ Ստեղծվեցին նոր տեսակի ստորաբաժանումներ` սակրավոր ջոկատներ, մարտական կառքեր՝ պտտվող գերանդիներով, մարտական սայլակներ և թիկունքային զորամասեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին արշավանքներից պաշտպանվելուն, մասնավորապես երկրի ծայրամասերի անվտանգությունը ապահովելուն։ Եթե Արտաշես I-ի ժամանակ եղել են այդպիսի չորս ռազմական շրջաններ, որտեղ այդ նպատակի համար պահվում էր մշտական զորք, ապա Տիգրան II-ի ժամանակ սահմանապահ կայազորների թիվը հասավ վեցի` Ծոփքում, Աղձնիքում, Արվաստանում, Կորդուքում, Նուշիրականում և. Գուգարքում։ Այդ կայազորների զորքերը գտնվել են բդեշխների հրամանատարության ներքո, որոնք միևնույն ժամանակ հանդիսացել են այդ մարզերի կառավարիչները։

Կազմակերպչորեն նրանք միավորվել են գնդերում, ջոկատներում ըստ հարյուրյակների, հիսնյակների և ըստ զենքերի հատուկ տեսակների (տես սխեմա 4)։ Այդ զորքերը զինված են եղել աղեղներով, պարսատիկներով, կացիններով, նիզակներով, դաշույններով և սուսերներով, որպես պաշտպանական միջոցներ գործադրվել են վահանն ու զրահը։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր թագավորը։ Մարզերի մշտական զորքերի հրամանատարները բդեշխներն էին և նախարարները, իսկ զորամասերն ու ստորաբաժանումները ղեկավարել են ավագանին և ազատները։ Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ նախարարները, թագավորի պահանջով, նրա տրամադրության տակ են դրել իրենց մարզերի աշխարհազորը։ Դեռ Երվանդյանների օրոք զորքերն առաջ են քաշել առաջապահ ջոկատներ, առանձնացրել են կողքերի և թիկունքի պահապան ջոկատներ։ Մարտական գողծողությունների թատերաբեմն ընտրելուց հետո , զորքերը հարմարվել են վայրին և համառ դիմադրության համար ամրացրել ու հարմարեցրել են տեղանքը, փորել են խրամատները կամ օգտագործել են փոսերը, ժայռերը, մեծ ապառաժները, ծառերը և այլն։ Սովորաբար մարտական կարգերը կազմվել են աջ և ձախ թևերից, կենտրոնից և թիկունքի զորքերից։ Երթի ժամանակ գեշերը կամ մառախլապատ ցերեկը զորքերը շարժվել են լուռ, տեղեկությունները հաղորդվել են շշուկով, հեծելապարեկները շարժվել են մեկը մյուսից փոքր հեռավորության վրա, որպեսզի թեթևացնեն նոր տեղեկությունների փոխանցումը1։

Ռազմերթի ժամանակ, կանգառներում, կրտսեր հրամանատարների և ավագների, ինչպես նաև մարտաշարքերի միջև կապ հաստատելու համար ուղարկվել են ձիավոր սուրհանդակներ2։

Ազդանշանային կապը պահպանվել է փողեր նվազելով, պայմանավորված առարկաները թմբկահարելով և այլն։ Կենդանի կապ եղել է կրտսեր պետի սուրհանդակի կամ հենց իրեն կրտսեր պետի միջոցով, որն անձամբ ներկայանում էր ավագ պետին և զեկուցում մարտի վիճակի մասին։ Երկրի խոր թիկունքի հետ կապն ապահովել են իջևանները, որոնց մատակարարել են հանդերձանք, ձիասարք և ձիեր։ Մարտի սկիզբը նշվել է ազդանշանով։ Դեռ պարսից զորքերը, որոնց հետ գործել են հայոց զորքերը, մարտն սկսել են գլխավոր հրամանատարի հաղթերդով3։ Հետագայում հայոց զորքերում մարտի սկսվելը ազդարարվել է փողերի նվագով։

Հայկական զորքերի գերագույն հրամանատարի զորակայանը մարտի ժամանակ գտնվում էր բանակի մարտական կարգերի կենտրոնում կամ հետևում, այնպիսի վայրում, որտեղից կարելի էր դիտել ճակատամարտի դաշտը և անել լրացուցիչ կարգադրություններ։ Այդպես է վարվել Տիգրան II-ը Տիգրանակերտի մոտ։ Ապիանոսը վկայում է, որ Տիգրանը դիտում էր հակառակորդի գործողությունները և, տեսնելով, որ հռոմեացիները փոքրաթիվ են, ասաց. ...Եթե դրանք դեսպաններ են, ապա շատ են, իսկ եթե թշնամիներ են, անչափ քիչ են»1։ Պլուտարքոսը մատնանշում է, որ Տիգրանը, նկատելով հռոմեացիների հեծելազորի կեղծ ռազմացույցը, այն ընդունում է որպես իրականություն և, կարծելով, որ թշնամին նահանջում է, կանչում է իր մոտ գտնվող պոնտական թագավոր Միհրդատ Եվպատորի զորավար Տաքսիլին ու ասում, «Տեսնո՞ւմ ես ինչպես են փախչսում քո անպարտելի հռոմեական զորքերը2։

Անձամբ դիտելու այդպիսի սովորություն են ունեցել նաև մյուս ռազմական պետերը, ուրեմն պարզ է, որ նրանք ընդհանրապես գտնվել են իրենց զորքերի մարտական կարգերի կենտրոնում։ Մարտի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերի մարտական կարգերում, նրանց թևերում և մարտի ամենախոցելի տեղերում կայունություն ստեղծելուն։

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԲՈԻԺՈԻՄԸ

Գործող բանակի կարևորագույն հարցերից է եղել վիրավոր և հիվանդ զինվորների բուժումը։ Բժշկությունը սկիզբ է առել դեռևս նախնադարյան հասարակության ծագման շրջանից, իսկ ռազմական բժշկությունը ստրկատիրական պետության առաջացման ժամանակաշրջանում, երբ ստեղծվեց մշտական բանակ։ Այն ժամանակվա կենտրոնացված ամենախոշոր պետությունը, որն ունեցել է ստվարաթիվ մշտական բանակ, եղել է հռոմեական կայսրությունը, որտեղ ռազմական բժշկությունը հասել է զարգացման բարձր աստիճանի։ Առաջին անգամ հին Հռոմում են բացվել «վալենտուդինարիաներ» (առողջարաններ), կոհորտներում, լեգեոններում, ճամբարներում և կայազորի զորքերում նշանակվել են բժիշկներ։

Բժշկության արվեստը թափանցել է Արևելքի և Արևմուտքի բոլոր երկրները, մեծ տարածում է ունեցել և հին Հայաստանում։ Հայաստանի միջով հունական 10000-անոց բանակի՝ Պարսկաստանից նահանջելու ժամանակ հույները շարժվել են մարտերով, ստիպված գնացել են մի մասը ճանապարհով, մի մասն էլ բլուրների վրայով, հասել են հայկական գյուղերը։ Նրանք, ...կանչել են 8 բժիշկներ, որովհետև եղել են շատ վիրավորներ1։ Բժշկության կարիք ունենալու և տեղում մեծաքանակ սննդամթերք գտնելու պատճառով հելլենները երեք-չորս օր կանգ են առել այդ գյուղերում։

Խալդեյների դեմ մղված պարսիկների պատերազմում, որտեղ Տիգրան Երվանդյանի գլխավորությամբ գործոն մասնակցություն են ունեցել հայկական զորքերը, Կյուրոսի զորքերում բժիշկներ լինելու փաստը հաստատում է Քսենոֆոնը, ըստ որի, երբ պատերազմից հետո վիրավոր գերիներ են բերել Կյուրոսի մոտ՝ նա հրամայել է նրանց հանձնել բժիշկների խնամքին1։

Բժշկական գործը Հայաստանում լայն տարածում էր ստացել և գտնվում էր մերձավոր Ասիայի երկրների մակարդակի վրա»2։ Այդ տարածմանը նպաստել է Հայաստանում տարբեր տեսակի ծաղիկների և հանածոների առկայությունը, որոնցից դեղեր են պատրաստել։ Հանքային բազմաթիվ աղբյուրները նույնպես նպաստել են հիվանդների բուժմանը։ Արարատյան մարզի դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին Ղազար Փարպեցին հաղորդում է, որ այնտեղ գտել են տարբեր բույսերի արմատներ, որոնք բանիմաց բժիշկների արվեստի ու գիտելիքների շնորհիվ գործադրվել են որպես հիվանդությունները արագ բուժող սպեղանիներ և վերականգնել են հիվանդների առողջությունը3:

«Հայոց թագավոր Տիգրանի մոտիկ բարեկամ,— գրում է ակադեմիկոս Լ. Ա. Հովհաննիսյանը,— Պոնտոսի հայտնի թագավոր և զորավար Միհրդատը, որը ըստ Պլինիուսի և Հույն պատմաբանների հռչակվել է որպես Արևելքի ամենանշանավոր բժիշկներից մեկը, Հայաստանում աճող խոտերից է պատրաստել փսխելու դեղը, որը հայերի միջավայրում կրում է Միհրդատի դարման» անունը1։ Հանածոներից որպես բուժիչ միջոց և քսուք օգտագործվել է կավը, որը հայ ժողովրդական բժշկության մեջ գործադրվում է մինչև այժմ2։ Բժշկությամբ գլխավորապես զբաղվել են հեքիմ-բուժակները և բժիշկ վանականները։ Կասկածից դուրս է, որ հայկական զորքերում բժշկական անձնակազմ մտցնելը և վիրավոր ու հիվանդ ռազմիկների բուժման կազմակերպումը պետք է սկսվեր երկրորդ դարից (մ. թ. ա.), երբ հայերն սկսեցին կազմակերպված բանակ ունենալ։ Հայաստանում այդ ժամանակ չեն եղել հռոմեական վալենտուդինարիայի (առողջարան) տիպի հիվանդանոցներ։ Վիրավորները բուժվել են մեկը մյուսից հեռու, առանձին տներում։ 354 թվականին, հայոց Ներսես կաթողիկոսի նախաձեռնությամբ, հայ հոգևորականության Աշտիշատի ժողովի որոշմամբ կառուցված են եղել ապաստարաններ բորոտների, վարակվածների, հաշմանդամների և ընկնավորների համար՝ ապահովելով նաև նրանց սնունդն ու բուժումը։ Այդ առողջարանները մեծապես օգնել են բուժման գործը կազմակերպելուն, միաժամանակ ընդգրկել են բազմաթիվ վիրավոր և հիվանդ ռազմիկների։ Ութերորդ դարի հեղինակ Ղևոնդը իր Պատմություն Հայոց աշխատության մեջ պատմում է հայերի և իսմայելացիների (արաբների) միջև Վարդանակերտ գյուղի մոտ մղված ճակատամարտի մասին, և հաղորդում, որ իսմայելացիք, պարտություն կրելով, խուսափեցին սրից, նետվեցին Արաքս գետը, որը սառած էր։ Սառույցը ջարդվեց և շատերը խեղդվեցին։ Ազատվեցին միայն 300 մարդ, որոնք գերվեցին և նույնպես պետք է սրի քաշվեին, բայց հայոց իշխանուհի Շուշանը թույլ չտվեց այդ և, կապելով վիրավոր գերիների վերքերը, բուժեց նրանց1։

Մեջբերումից կարելի է հանգել այն եզրակացության, որ վաղ ֆեոդալիզմի շրջանում Հայաստանում գոյություն են ունեցել տնային հիվանդանոցներ և բուժարաններ, այլապես Շուշան իշխանուհին անզոր կլիներ միայնակ, ցրտաշունչ ձմռանը տեղափոխել մեծ քանակով հիվանդներ և վիրավորներ՝ տարբեր վերքերով ու հիվանդություններով, և զբաղվել բոլորի վերքերը կապելով ու բուժելով: Սակայն մարտի հաջողությունը կախված է եղել ո՛չ միայն զորքերի կազմակերպումից, սպառազինումից, մարտի այլևայլ եղանակները հմտորեն կիրառելուց, ռազմիկների նկատմամբ ցուցաբերած հոգատարությունից, այլև պաշտպանական կառուցումների առկայությունից և մարտի ընթացքում դրանք հմտորեն օգտագործելուց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Պետական նշանակություն ունեցող բոլոր բերդերը, ամրությունները Հայաստանում կառուցվել են գլխավորապես հաղորդակցության գլխավոր ուղիների վրա։ Այդպիսի կառուցումներ են ստեղծվել նաև Հայաստանի սահմանային գոտիների վրա՝ օտարերկրյա զորքերի ներխուժումերն արգելակելու նպատակով։ Ավելորդ չենք համարում բերել այդպիսի կարևոր կառուցումները բնութագրող մի քանի օրինակներ։ III դարի վերջում և II դարի սկզբում (մ. թ. ա.) հայոց Երվանդ թազավորը իր աթոռանիստը Արմավիրից տեղափոխում է նոր հիմնադրած Երվանդաշատ քաղաքը։

Նոր մայրաքաղաք Երվանդաշատը գտնվում էր ՛այն վայրին մոտ, ուր Ախուրյան գետը թափվում էր Արաքսի մեջ։ Այդ մայրաքաղաքի մասին Մովսես Խորենացին գրում է. ...(Երվանդը) բլուրը պարսպում է, իսկ պարսպից ներս շատ տեղերում քարերը կտրել տալով իջեցնում է մինչև բլուրի հատակը, գետին (մակերևույթին) հավասար, այնպես որ գետից ջրերը հոսեն այդ փորված տեղը, խմելու ջուրը մատակարարելով։ Միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ պղնձե դռներ է դնում ու երկաթե սանդուղքներ՝ ներքևից մինչև վեր, մինչև դուռը, սանդուղքի վրա, աստիճանների միջև, թաքնված որոգայթներ է շինում, որպեսզի եթե մեկը կամենա գաղտնի բարձրանալ թագավորին դավելու նպատակով, բռնվի...1։

Այսպիսով, այդ ժայռոտ բլուրի վրա բարձր պատերով կառուցված բերդը դառնում է անմատչելի։ Հին Հայաստանի մյուս կարևոր մայրաքաղաքն է եղել Արտաշատը։ Այդ քաղաքը տեղադրված է թերակղզու նման վայրում։ Նրա շուրջը, չհաշված պարանոցր, գետի առջևից ձգվում է պարիսպը։ Պարանոցը շրջապատված է խրավանդներով ու թամբերով։ Փոսը լցված է լինում ջրով, որը ծառայում է որպես ջրային պատնեշ բերդի վրա հարձակվող թշնամու դեմ։ Իր ճարտարապետական ոճով աթոռանիստ Արտաշատի ձևավորումը եղել է գեղեցիկ. հռոմեացիները Արտաշատը անվանել են Հայաստանի Կարթագենը։ Հայաստանի պաշտպանության պատմության մեջ հայերի համար կարևոր դեր է կատարել Գառնի բերդը, որի վերականգնումը Տրդատ I-ը ավարտեց I դարի 70-ական թվականներին։ Գառնի ամրոցը Հայաստանի անմատչելի միջնաբերդն է եղել և կարևոր նախամուտքը նրա մայրաքաղաք Արտաշատի պաշտպանման համար, ուստի այն հաճախ է ենթարկվել ավերումների Պարսկաստանի և Բյուզանդիայի, արաբական խալիֆների և թաթարա-սելջուկյան ասպատակների կողմից։

Գառնի բերդը կառուցված է եղել ծովի մակերևույթից ավելի քան 1400 մետր բարձրության վրա, Գեղամա լեռների զառիվայրում։ Բերդի հարավային կողմից վեր են խոյանում հսկայական ժայռեր, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 150 մետրի և ուղղաձիգ իջնում են Ազատ գետի կիրճը։ Հյուսիսային պարսպի երկարությամբ, 170 մետր տարածության վրա կառուցվել են աշտարակներ՝ միմյանցից 10—12 մետր հեռավորությամբ։ Աշտարակների այդպիսի խտությունը բացատրվում է երկու հանգամանքով։ Առաջին, հյուսիսային կողմում չկան կիրճեր և ուղղաձիգ ժայռեր, իսկ դա հակառակորդին հնարավորություն էր տալիս գրոհել բերդը այդ կողմից, և երկրորդ՝ Գառնի բերդը չի դասվել սովորական բերդերի շարքը, այլ եղել է «արքայական ամրոց», ուստի նրա պաշտպանությունը պետք է ապահովված լիներ ավելի ուժեղ պատվարներով։ Հարավ-արևելյան և հարավային կողմերից բերդը ոչ մի պաշտպանական կառուցում չի ունեցել, որովհետև ուղղաձիգ վեր բարձրացող հսկայական ժայռերը բնական արգելակներ են հանդիսացել և այդ կողմից բերդը դարձրել են անմատչելի։ Թեթև թեքություն ունեցող և ժայռածածկ ձորի կողմից բերդի բնական պաշտպանությունը լրացվել է արևելյան պարսպով, որը 144 մետր տարածության վրա ունեցել է միայն չորս աշտարակ՝ իրարից 25-ից մինչև 32 մետր հեռավորության վրա։ Գառնի բերդի դարբասը ունեցել է 2,16 մետր լայնություն։ Այդ բավական է եղել, որպեսզի մարտական կառքերը, հետևակն ու հեծելազորր 3-4 շարքով անցնեն։ Դարբասը կառուցվել է բերդի հյուսիսային կողմում, որտեղ մուտքը մատչելի է եղել, հետևաբար և հենց այդտեղ են կառուցվել պաշտպանողական նպատակ ունեցող հիմնական սարքավորումները՝ հարձակվող հակառակորդի գործողությունները անվտանգ դարձնելու համար1։

Բերդի պաշտպանության խնդիրներն ու հնարավորությունները աչքի առաջ ունենալով, կառուցողները հյուսիս-արևելյան պարիսպը առաջ են քաշել, օգտվելով նրա առջևում գտնվող խոր կիրճի բարձր ուղղաձիգ ժայռից, որն ապահովել է բերդի անմատչելիությունը։ Դրանով իսկ միաժամանակ ստեղծվել է այդ պարսպի կենտրոնական աշտարակների համար նետաձգության տեսածիր` հակառակորդի թևերի ուղղությամբ, եթե նա գրոհեր պարսպի աջ և ձախ թևերի աշտարակների վրա։ Տեղ-տեղ, հատկապես կենտրոնում, հյուսիս-արևմտյան պատը ետ է քաշված, ասես դրանով ստեղծել են կորագիծ։ Ամրոցի վրա հարձակվող հակառակորդի համար պատի այդ մասն ամենամատչելի տեղն էր։ Թևային աշտարակները հիմնական պարսպից դուրս դնելը ստեղծել է պարկ» կենտրոնական պատի վրա գրոհող թշնամուն մեջը գցելու համար։ Դեպի առաջ շարժած հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան աշտարակներից աղեղնաձիգները խաչաձև նետաձգություն են կատարել պարկն ընկած հակառակորդի վրա և օգնել են կենտրոնական պարսպի կայազորի գործողություններին։ Այդպիսով, ամրոցր բաշխվել է ըստ պաշտպանողական զորամասերի և կազմակերպվել է կենտրոնական պարսպի ու աշտարակների զորքերի փոխգործողությունները։ Պաշտպանական սիստեմում վճռական նշանակություն ունեցող պարսպի աշտարակները ուղղանկյուն են և գրավում են մոտ քառասուն մետր տարածություն։ Դրանք դրված են եղել հիմնական պարսպից 2,35 մետրից մինչև 3,65 մետր առաջ։ Պատերի աշտարակներն այդ ձևով դուրս ցցելը նույնպես օժանդակել է աշտարակների պաշտպաններին ուժերը կենտրոնացնելու ամրոցի հիմնական պարսպի վրա հարձակվող թշնամու թևերի դեմ։ Ներսի կողմից այդ պարսպի աշտարակները դուրս են ցցվել 0,95 մետրից մինչև 2,33 մետր։ Աշտարակների այդպիսի դուրս ցցումը ստեղծվել է գլխավորապես մի նպատակով՝ ավելացնել նրանց տարածությունները պաշտպանների մեծաթիվ կայազոր և մեծաքանակ ռազմամթերք տեղափոխելու համար։ Քարից շարած պատերը ունեցել են 2 մետր հաստություն։ Պատերի այդպիսի հաստությունն անհրաժեշտ է եղել բերդի պաշտպաններին, որպեսզի կարևոր ուղղություններում վերախմբավորելու համար ցած չիջնեն, ժամանակ և ուժ չկորցնեն, ինչպես նաև մշտապես դիտեն թշնամու գործողությունները։ Գառնի բերդի կառուցողները նկատի են ունեցել և հակառակորդի կործանիչ տեխնիկայի գործողությունները։ Ուստի պատերն ու աշտարակներր շարել են խիտ, լցրել են քարերի միջև եղած ամենաաննշան ճեղքերը և կործանիչ տեխնիկայի ճիրանների բռնելու տեղ չեն թողել։ Մարզի մասնակցությունը երկրի պաշտպանության ընդհանուր սիստեմին` նախարարներին հարկադրել է ստեղծել պաշտպանության հենարաններ նաև մարզերում։ Թագավորի ցուցումով նախարարները նույնպես կառուցել են բերդեր ու ամրոցներ։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է եղել, թագավորի կոչով նախարարներն իրենց զորքերն առած հավաքվել են թագավորի գերագույն հրամանատարության ներքո, թողնելով իրենց բերդերում փոքր կայազոր` նախարարական ամրոցը պաշտպանելու համար։ Նախարարական բերդերն ու ամրոցները կառուցվել են որպես մայրաքաղաքի պաշտպանակ ֆորպոստ։ Նախարարների կառուցած բերդերը, ամրոցները և ամեն տեսակ ամրությունները սկզբունքորեն հետապնդել են նույն պաշտպանական նպատակները։ Կառուցել են դրանք նույնպես բարձունքների, սուր կարվածքով ժայռոտ կիրճերի վրա, ուր հակառակորդին դժվար է եղել հասնել։

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ամրոցները շինելիս հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հնարավորություն ստեղծելուն, որ կարողանան դիտել թշնամու զորքերի շարժումները և ազդանշան տալ նրանց հայտնվելու, ձեռնարկած գործողությունների մասին։ Դրան օժանդակել են ամրոցների բարձր պարիսպներն ու աշտարակները։ Բացի դրանից, ամրոցներից դուրս, բարձր ժայռերի վրա, ոչ բարձր պատերով և փոքր տարածությամբ կառուցվել են հատուկ դիտակետեր, ուր տեղավորել են մի քանի տասնյակ մարդիկ` դիտելու այն վայրերը, որտեղից սպառնացել է հակառակորդի հայտնվելու վտանգը։ Թեպետ այդ կայազորները չեն կարողացել էական դեր կատարել ռազմական գործողության մեջ, բայց իրենց զորքերին ժամանակին զգուշացրել են հակառակորդի հայտնվելու, զորքի կազմի ու քանակի վերաբերյալ, և ամրոցի կայազորին հնարավորություն տվել պատրաստվելու անկոչ հյուրերին արժանի դիմադրություն ցույց տալու համար: Այդ ամրոցները կառուցվել են երկրի կենտրոնում կամ ծայրամասերում այն հաշվով, որ երկրի պաշտպանության հետ միասին հենակետեր ծառայեն Հայաստան տանող բոլոր մուտքերը փակելու համար։ Այդպիսով, ամբողջ Հայաստանի տերիտորիայում բնական և արհեստական արգելակները ավելացնում էին երկրի պաշտպանական հզորությունը։

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
ՌԱԶՄԱ-ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՄՏՔԻ ԾԱԳՈՒՄԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռազմա-ստրատեգիական նշանակություն ունեցող հնագույն փաստը մի ավանդություն է, որն արձանագրված է պատմահայր Մովսես Խորենացու պատմության այն գլխում, ուր նկարագրվում է առասպելական Հայկի և Բելի ճակատամարտը։ Չնայած մեզ հայտնի չէ ավանդության ստեղծման ժամանակը, սակայն անվիճելի է, որ մարտ վարելու տակտիկական այն եղանակը և մարտակարգ կառուցելու այն ձևը, որ նկարագրում է Խորենացին, հայտնի էին նրա ժամանակի հայ զինվորականներին։ Ռազմական արվեստի պատմության համար շատ ուշագրավ է Խորենացու նկարագրած Հայկի և Բելի ճակատամարտը, ուստի ցանկանում ենք փոքր-ինչ կանգ առնել դրա վրա։ Ըստ Մովսես Խորենացու, այդ առասպելում բռնակալ Բելը մեծաքանակ զորք է հավաքում և շարժվում է հյուսիս՝ Ասորեստանին չհնազանդվող հայկական ցեղերի առաջնորդ Հայկի դեմ։ Հայկը ևս հավաքում է իր զինակիցներին և շարժվում է Բելին դիմագրավելու։ Տուսպա (Վանա) լճի մոտ Հայկը իր ռազմիկներին ասում է «...Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք, հաղթություն տանենք»1։ Շարունակելով ճանապարհը՝ Հայկի ջոկատը հասնում է Հայոց Ձոր կոչվող երկու բարձր լեռների միջև ընկած հարթավայրը, ոչ հեռու այն վայրից, որտեղ Խոշաբա գետը թափվում է Վանա լիճը, և գետի աջ ափում բարձր վայրի վրա ճամբար է դնում։ Հայկը տեսնում է, որ Բելի զորքերը բանակել են Խոշաբա գետի ձախ ափին։ Ինքը՝ Բելը, մեծաքանակ զորքերով շրջապատված կանգնել է բլրակի վրա, ինչպես դիտակետում։ Հայկը, նկատելով Բելի զորքի դասավորումը, կառուցում է իր զորքերի մարտական կարգը եռանկյունաձև՝ սուր անկյունն առաջ։ Հայկը ...Կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև նրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում. դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով ու հանդարտ առաջ շարժվեց2։ Եվ երկու կողմի հսկաները, պատմում է Խորենացին, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով։ Այնտեղ երկու կողմից մեծ զոհեր են լինում։ «Այս ան
еще рефераты
Еще работы по разное